Երկու հրատապ հանգամանք, որ անհրաժեշտություն է դարձնում խաղաղապահների արագ տեղակայումը

746

Ռուս խաղաղապահների ևս 8 օդանավ է ժամանել Երևան, որոնք կուղղվեն Արցախ՝ տեղակայվելու:

Համընդհանուր թեժ և ծանր մթնոլորտում, որ բխում է պատերազմի ծանր արդյունքից և առավել ծանր փաստաթղթից, որ, ըստ էության, արձանագրում է հայկական կողմի կապիտուլյացիան, այդուհանդերձ կան պրակտիկ խնդիրներ, որոնք պահանջում են լուծում և հնարավորինս արագ լուծում: Դրանցից է ոչ միայն հայտնի համաձայնագրի դրույթների առավելագույնս չեղարկումը, այլ գործնականում նաև որոշ դրույթների հնարավորինս արագ իրագործումը և, մասնավորապես, ավելի կոնկրետ՝ խոսքը վերաբերում է խաղաղապահների տեղակայմանը: Ռուս խաղաղապահների արագ տեղակայումը երաշխիք է, որ չվերսկսվեն պատերազմական գործողություններ, և պատերազմի դադարը կրի ավելի կայուն ու հաստատուն բնույթ, ինչը հույժ կարևոր է առնվազն երկու հանգամանքի բերումով:

Նախ, անհրաժեշտ է, որպեսզի պատերազմի դադարը ստանա հաստատուն բնույթ թե՛ նոր զոհերից խուսափելու համար, թե՛ նաև հայկական իսկապես գերհոգնած զինուժը կարգի բերելու: Մեր զինուժը ավելի քան մեկուկես ամիս մղում էր անհավասար պատերազմ՝ թե՛ սպառազինությամբ, թե՛ մարդուժով բազմակի ավելի քանակ ունեցող թշնամու դեմ, անելով անհնարինը: Ներկայումս բանակն իսկապես ունի դադարի կարիք, և ռուս խաղաղապահների տեղակայումը կերաշխավորի այդ դադարը և զինուժն ուշքի բերելու հնարավորությունը, որովհետև հայկական բանակը լինելու է հայկական պետականության և անվտանգության առանցքը ապագայում՝ անկախ անգամ ամենածանր ու բարդ իրադրությունից և ստատուս-քվոյից: Մյուս հանգամանքը, որ կարևոր է դարձնում ռուս խաղաղապահների տեղակայումը օպերատիվ ռացիոնալության տեսանկյունից, դա այն է, որ Հայաստանում բավականին թեժացել է ներքին քաղաքական և հասարակական մթնոլորտը:

Հնարավոր չէ ասել, թե այն ինչպիսի զարգացում կունենա: պետք է հուսալ, որ դրա բոլոր մասնակիցներն, այդուհանդերձ, սեփական քաղաքական շահերը ավելի բարձր չեն դասի անձնականից կամ քաղաքական-կուսակցականից, որքան էլ ամենաանկեղծ ու ազնիվ մղումով բարձրացնեն իշխանության քաղաքական պատասխանատվության հարցը: Բայց, այդուհանդերձ, ներքին որոշակի վայրիվերումներն ու թեժ մթնոլորտը առավել կարևոր են դարձնում դեռևս չսառած ռազմաճակատում անվտանգության խնդիրը: Ռուս խաղաղապահների հնարավորինս արագ տեղակայումը կարևոր է նաև այդ տեսանկյունից: