«Ես հիմա կասեմ, թե դավաճաններն ու հող ծախողներն ովքեր են…». Արայիկ Հարությունյան

899

 

«Ես հիմա կասեմ, թե դավաճաններն ու հող ծախողներն ովքեր են»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա ասաց, որ առաջին անգամ ահազանգել է հոկտեմբերի 3-ին, երբ հակառակորդը գրավել էր Մատաղիսն ու Թալիշը, վտանգված էր Արցախի հյուսիսային հատվածը։ «Եղնիկներ կոչված տեղամասում մեր զորքի մի մասը խուճապահար փախչում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որպեսզի կարողանայինք Եղնիկների առաջնագծում գտնվող մեր տղաների թիկունքը պահել։ Եվ այդ օրը վաղ առավոտյան ես կոչ եմ արել ու ասել՝ ես գնում եմ առաջնագիծ։ Այդ օրը, երբ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք, Հայաստանից եկած Ազգային անվտանգության, մեր ամենաուժեղ էլիտար ստորաբաժանումները, և նաև Արցախից, հրաժարվել են գնալ Եղնիկներ։ Խնդրեմ եմ, աղաչել եմ, ասել եմ՝ ձեր առաջ ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ առաջնագիծ գնալու ժամանակ։

Դրա մասին արտահայտվում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտվել։ Կհարցնեք Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին, թե ինչպես են մերժել խնդրանքս։ Աղաչել եմ, պաղատել եմ, գնում ենք առաջնագիծ, որովհետև զորքի մի մասը գտնվում էր առաջնագծում, իսկ թիկունքը բաց էր»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանն ասաց, որ շատ քիչ զորք միացավ իրեն, կարողացան կատարել այն խնդիրը, որի շնորհիվ այսօր Եղնիկներն ամբողջությամբ գտնվում են մեր վերահսկողության տակ։

«Հոկտեմբերի 3-ին կոչ եմ արել և ասել եմ՝ օրհասական վիճակում ենք, մարդկային ռեսուրս է պետք, մյուս կոչս՝ հոկտեմբերի 15-ին և այլն։ Ամեն անգամ զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք։ Ի դեպ, մի քանի օր առաջ ռուսական մի խոշոր ռազմական վերլուծաբան ասել է հայերին՝ ուզո՞ւմ եք հաղթել Ղարաբաղյան պատերազմում, պետք է մոբիլիզացնել մինչև 80-100 հազար մարդ։ Եթե չէ, կրվելու եք։ Չեմ ուզում ասել՝ ինչքան մարդ է միացել՝ կամավորական կլինի, թե պահեստազոր։ Զորքին թողել եք մենակ, 18 տարեկաններին թողել եք մենակ։ Կամավորական ջոկատներ կային, այո։ Մի մասը մինչև վերջ կատարել է խնդիրը, մի մասը մեկ օր էլ չի մնացել։ Պահեստազորից համալրված ստորաբաժանումներ եկել են, մի մասը մի քանի ժամ, մի մասը մի քանի օրով։ Կոնկրետ մի դեպք նշեմ, զեկուցագիր ունեմ, մեր գնդապետ Գրիգորի Սահակյանը, որը պետք է ուղեկցեր 2 ստորաբաժանում, ՀՀ-ից ժամանած երկու գումարտակ, զեկուցում է, որ հրաժարվում են Շուշիի պաշպանության պլանավորած կարևոր օպերացիային մասնակցելուց։ Չհասած դիրքերը՝ հրաժարվել են։ Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի։ Դավաճանել ենք մեր զինվորին, 18-20 տարեկան մեր երեխաներին, մեր բալիկներին։ Բոլորս միասին ենք դավաճանել, դավաճան չփնտրեք»,- ասաց նա։

Արայիկ Հարությունանը հավելեց․ «Այն կանայք, որոնք Ֆեյսբուքով սկսել են վայրահաչոցը իմ և մնացած այլ ղեկավարների նկատմամբ, բացի զոհվածների հարազատներից, նրանք իրավունք ունեն բոլորիս համարել դավաճան։ Ձեր ամուսինների, ձեր տղաների տեղն եմ ման գալու, որտե՞ղ են եղել։ Այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել, հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաների, եղբայրների, իրենց մասնակցությունը։ Որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք։ Ում հարցնում ենք, ասում են՝ եղել ենք Օմարում։

Օմարում, այո, շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել մի քանի օր։ Եվ շնորհիվ զինվորականների, որևէ մեկը չվերագրի իրենց, շնորհիվ զինվորականների կարճ ժամկետում կարողացել ենք վերականգնել դիրքերը։ Սելֆի անելով՝ ազգին խաբել եք՝ գտնվում ենք առաջնագծում։ Հիմնական դավաճանը մենք բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ»։

Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ են վերջում պարտադրված զինադադար կնքել։ «Որովհետև այդ զինվորները շրջափակման վտանգի տակ էին, երբ Ստեփանակերտն արդեն պաշտպանող չուներ։ Ո՞ւր էին կամավորականները, ո՞ւր էր աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում են դավաճաններ։ Իսկ վերջին օրը Ստեփանակերտի մատույցներում մեկ, երկու, երեք հարյուր պաշտպանող ունեինք առավելագույնը, իսկ սահմանը՝ շատ մեծ։ Միայն թիկունքի հյուսիսային մասն էր պաշտպանված։ Մեծ հնարավորություն ունեին թիկունքով մտնել Ստեփանակերտ և գերել ու ոչնչացնել Ստեփանակերտում մնացած այդ մի քանի հարյուր հոգուն»,-ասաց նա։

Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ դավաճան են այն տղամարդիկ, ովքեր թողել են Ստեփանակերտը, Ղարաբաղը, թաքնվել Երևանում։ Զենքը ձեռքներին մի նկուղից մյուսն էին փախնում, որպեսզի չգնային առաջնագիծ։ «Բավարար է, շատ փակագծեր կարող եմ բացել, բայց իմացեք՝ դավաճանել ենք բոլորս մեր զինվորներին՝ չպաշտպանելով, կողքը չկանգնելով։ Ուրիշ մեղավոր ու ուրիշ դավաճան չկա»,- նշեց նա։

Արայիկ Հարությունյանը արցախցիներին խորհուրդ տվեց հեռու մնալ քաղաքական զարգացումներից, Երևանի փողոցներում չմասնակցել այդ պրոցեսներին, դա հարիր չէ ղարաբաղցիներին։