Ինչ հարցերի շուրջ են զրուցել Նիկոլ Փաշինյանն ու Վիտալի Բալասանյանը

768

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը երեկ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Թե ինչ հարցերի շուրջ են հանդիպել վերջիններս՝ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց պարզել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից. «Այդ տեղեկությունը չեմ կարող հաստատել, հետևաբար չեմ էլ կարող ասել՝ եթե նման բան եղել է, ինչի մասին են զրուցել, որովհետև, եթե անգամ դա տեղի է ունեցել, ապա երկկողմանի հանդիպում է եղել»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե Armlur.am-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանը հաստատել է հանդիպման մասին տեղեկությունը և ուղղորդել է քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմել իրեն, Մանե Գևորգյանն ասաց․ «Տեղյակ չեմ, թե ինչ է ասել նա, ամեն դեպքում չեմ կարող ասել, թե ինչ են քննարկել։ Թերևս զուտ իրավիճակի շուրջ քննարկում կարող էր ծավալված լինել, բայց բովանդակության վերաբերյալ տեղեկություն չունեմ, որ կարողանամ փոխանցել»,- նշեց Գևորգյանը։

Կայքի հետ զրույցում Վիտալի Բալասանյանն ասել է․ «Իմ ժամանակը շատ սուղ է, ամեն ինչ լավ է լինելու, աշխատում ենք, իմ ժամանակը սուղ է, ասում եմ ամեն ինչը լավ է լինելու, այսքանը»,-եզրափակել է նա:

Նշենք, որ երեկ Վիտալի Բալասանյանը հանդես էր եկել ուղերձով, որտեղ մասնավորապես նշել էր. «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։ Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։ Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»:

https://lurer.com/?p=392046&l=am&fbclid=IwAR0ct4QgUQhs4uJ9Cf3YTDub56Q1e1YFuyUkfJQPjBdjl6gMQ95m6ah-Jh8

Սոնա Հարությունյան