Ռուս խաղաղապահների «գնդակը» նետվեց Ալիևի դաշտ…

2169

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի խաղաղապահներ մտցնելն ընդունելի է հայկական կողմի համար, և դրանք կարող են լինել ռուս խաղաղապահներ: Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում:

«Մեզ համար ընդունելի է խաղաղապահներ մտցնելը: Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է լինել ռուս խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների հետ, կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժեր կայունացնեն տարածաշրջանը, և ոչ թե հակառակը»,-նշել է Փաշինյանը:

Սեպտեմբերի 27-ին լայնածավալ պատերազմի ծավալումից հետո ռուսաստանյան քննարկումներում, թոքշոուներում, փորձագիտական ու քաղաքական շրջանակներում այս թեման կրկին թեժացել է:

Մշտապես, դեռ ղարաբաղյան պատերազմում ռուս սահմանապահների տեղակայման հարցը ժամանակ առ ժամանակ թեժացել է: Միշտ եղել է համոզմունք, որ Ռուսաստանը ուզենար, անշուշտ, ռուս սահմանապահներ տեղակայել ղարաբաղյան սահմաններում, ինչը թույլ կտար նաև ամրացնել իր դիրքերը:

Հիմա այդ հարցը թեժացել է կրկին: Ի դեպ, տարիներ առաջ՝ Բաքուն ակնարկեց, որ նպատակահարմար չի համարում խաղաղապահների տեղակայումը:
Այսօր պատերազմի պայմաններում պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի Ալիևը, ավելի ճիշտ՝ Էրդողանը: Կուզենա՞ն նրանք ռուսական մահակ այս տարածաշրջանում:
Ի դեպ, խաղաղապահների տեղակայումը ղարաբաղյան կարգավորման տարբերակներում ներառված կետ է եղել մշտապես, թեև չի նշվել հատուկ, որ դա պետք է լինեն ռուս խաղաղապահները: Հիմա Փաշինյանը, կարծեց, առաջ քայլ է անում՝ մասնավորեցնում, որ դա կարող են լինել ռուս խաղաղապահները:

Փաշինյանն այդ քայլով գնդակ է նետում Էրդողանի և Ալիևի դաշտը՝ նրանցից դիրքորոշում արտահայտելու ուղերձ հղում:

Առաջիկայում, ըստ ամենայնի պատասխան կհնչի Թուրքիայից ու Ադրբեջանից:
Մոսկվան, եթե կողմերը դրական դիրքորոշում արտահայտեն՝ վստահաբար կողմ կլինի: Մնում է հասկանալ, թե ինչ կա էրդողանի գլխում այս առումով:

Կարևոր է նաև Իրանի դիրքորոշումը, որը մշտապես դեմ է եղել խաղաղապահների տեղակայմանը՝ ղարաբաղյան գոտում:

https://hayeli.am/