Պուտինը Ստանձնեց Պատասխանատվությունը. Ի՞նչ Է Սպասվում

2071

«Առաջին լրատվական»-ը գրում է . ՌԴ նախագահ Պուտինն առաջին անգամ հրապարակավ անդրադարձել է Արցախի դեմ պատերազմին և հայտարարել, որ դա ողբերգություն է Ռուսաստանի բարեկամ երկու ժողովուրդների համար էլ, և կրակը պետք է արագ դադարեցվի: Պուտինը հայտարարել է նաև, որ անընդհատ շփման մեջ է եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և որ Հայաստանի ղեկավարությունը հարցեր չունի ՌԴ դաշնակցային պարտավորությունների կատարման որակի հետ կապված: Պուտինը, առաջին անգամ անդրադառնալով իրադրությանը, արել է էական հայտարարություններ, որոնք պարունակում են բավականին ուշագրավ ազդակներ: Ոչ պակաս էական է նաև այն, որ ՌԴ նախագահը արդեն 11-օրյա պատերազմին հրապարակային անդրադարձ է կատարում այն բանից հետո, երբ առաջինը խոսել է Ալիևի հետ: Պուտինին զանգահարել է Ալիևը: Ալիևին այդ զանգը պարտադրել է հայկական բանակը, որը տապալել է թուրք-իսրայելական պատերազմական պլանները և, ըստ էության, սրել Ալիևի՝ ընդհուպ ֆիզիկական անվտանգության հարցը: Ինչ են խոսել Ալիևն ու Պուտինը, հանգամանալից հայտնի չէ, սակայն հատկանշական է, որ դրանից հետո փաստորեն ՌԴ նախագահը հրապարակավ անդրադառնում է իրավիճակին առաջին անգամ, արդեն սեփական դեմքով հայտարարելով կրակի արագ դադարեցման անհրաժեշտության մասին: Դա նշանակում է, որ պատերազմի 11-րդ օրը Պուտինը հրապարակավ ստանձնում է պատասխանատվություն իրավիճակի զարգացման համար:

Զարգացումը ցույց կտա արդեն, թե հատկապես ինչպիսին է այդ պատասխանատվության բովանդակությունը: Հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի հետ պարբերական շփման և ՌԴ դաշնակցային պարտավորությունների կատարման որակի առնչությամբ Երևանում հարցեր չլինելու կապակցությամբ՝ ողջունելի են: Միևնույն ժամանակ, հատկանշական է Պուտինի պատասխանատվություն ստանձնելու քայլից առաջ մի քանի քայլ, որ եղավ Ռուսաստանում: Նախ՝ հոկտեմբերի 5-ին ՌԴ նախագահը կատարեց էական նշանակում Ադրբեջանին սահմանակից Դաղստանի ղեկավարի պաշտոնում՝ գեներալ Սերգեյ Մելիքով, հակաահաբեկչական պայքարի փորձով, ազգությամբ՝ լեզգին: Դա, թերևս, բավականին ուժեղ և կոշտ ազդակ էր Բաքու: Հաջորդիվ, մինչ այդ ԱԳՆ կամ Կրեմլի խոսնակի մակարդակով մտահոգություն բարձրաձայնող ՌԴ-ն արդեն արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի մակարդակով հայտարարեց ռեգիոն ահաբեկիչների ներգրավման մասին, որն, իհարկե, իր ձևակերպումներում բազմիմաստ և հարցեր առաջացնող հայտարարություն էր, սակայն, թերևս, Անկարայի համար հասկանալի հաղորդագրություններով: Դրան էլ զուգորդեց ՌԴ ուժային կառույցներին մոտ կանգնած «Տելեգրամ» ալիքներից մեկով տեղեկությունը, որ ՌԴ օդատիեզերական ուժերը հարված են պատրաստում Սիրիայի Իդլիբում ահաբեկչական խմբավորումների պատրաստման ճամբարներին:

Արդյո՞ք նախապատրաստվում էր Պուտինի մուտքն ասպարեզ, և ի՞նչ է սպասվում դրանից հետո: Եթե ՌԴ նախագահի հրապարակային հայտարարությունը չի ունենում որևէ դեր, ապա դա նշանակում է, որ՝ կամ այդ հայտարարությունները ձևականություն են, քողարկում, և Ռուսաստանն ընդամենը փորձում է առերևույթ ցույց տալ, թե կապ չունի թուրքական ագրեսիայի հետ, սակայն իրականում գործում է ավանդական կապն ու պայմանավորվածությունը: Եվ՝ կամ Ռուսաստանի նախագահի հայտարարությունը այլևս չունի արժեք, չունի քաղաքական այնպիսի կշիռ, որ էական նշանակություն ունենա Կովկասում կայունության ու անվտանգության համատեքստում: Պուտինի պատասխանատվության հարցն այս տիրույթում է, այսինքն՝ նա, տասնօրյա լռությունից հետո ստանձնելով հրապարակային կոչի հանձնառություն, թերևս պետք է հաշվարկեր դրա քաղաքական նշանակությունը՝ առնվազն ՌԴ ռեգիոնալ հավակնությունների իմաստով: Անկասկած է, որ Պուտինը լռությունը խախտել է ոչ հենց այնպես:

«Առաջին լրատվական»