Արցախի նախագահ. Հանձնարարել եմ դադարեցնել կրակը, հետևություններ չանելու դեպքում շարունակելու ենք

173

 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր Պաշտպանության բանակը ադրբեջանական Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված, հայտարարել է ինքը` Հարությունյանը:

«Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:

Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:

Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում: Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ», — նշել է նա իր հայտարարության մեջ:

Հիշեցնենք` ավելի վաղ նա հայտնել էր, որ ադրբեջանական բանակը, օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր, թիրախավորում է Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը: Միևնույն ժամանակ Արայիկ Հարությունյանը զգուշացրել էր, որ Ադրբեջանի զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:

Սրան հետևել էր նրա խոսնակի հայտարարությունը. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»: