Մակրոնն անձամբ է Էրդողանին տեղյակ պահել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին

242

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղյակ պահել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Եվրանյուզը», Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ընթացքում Մակրոնը, խոսելով հիշատակի օր հռչակելու նախաձեռնության մասին, հայտարարել է, որ Էրդողանին նախապես է տեղյակ պահել իր որոշման մասին, քանի որ «ցանկանում է բաց երկխոսություն պահպանել Թուրքիայի հետ»:

«Մենք տարաձայնություններ ունենք «Իսլամական պետության» դեմ պայքարի, Թուրքիայում մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների հարցերի, ինչպես նաև ցեղասպանության խնդրի վերաբերյալ»,-ասել է Մակրոնը: Նա նկատել է, որ նաև միատեսակ կարծիքներ ունեն Սիրիայի հարցում, իսկ Թուրքիայի հետ երկխոսությունը, Ֆրանսիայի նախագահի կարծիքով, առաջնային է:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը կայացել է փետրվարի 5-ին: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը;