Նիկոլ Փաշինյանն ապագային միտված ընթացքի մեջ չունի որևէ քաղաքական աջակցություն, էլ չեմ ասում, որ իրենց ներսում էլ կան մարդիկ, որոնց վարքագիծը չի համապատասխանում դրանց իրականացմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը:
«Կան բացարձակ իդեալականի պատկերացումներ, և կա իրական վիճակ: Հիմա մենք ուզում ենք իդեալականն ունենալ, բայց երկար ժամանակ չենք ունենա, որը բնական է, քանի որ իդեալականի հիմքը չունենք: Այսինքն՝ դեռ տնտեսությունը բավարար չափի զարգացած չէ, բավարար չափով ազդեցության ոլորտները վերացված չեն, միջին խավը բավարար զարգացած չէ:
Այդ ամենը ենթադրում է քաղաքական միավորումների կաշկանդվածություն և որոշակի ազատությունների սահմանափակում: Մեկ տարվա ընթացքը լի էր թերություններով, բայց միտված է ապագային: Պետք է ամեն ինչ անել, որ հին բարքերը չվերականգնվեն, բայց հասարակության զգալի մասը սովոր է այդ հին բարքերով ապրել: Մենք ուզում ենք՝ ամեն ինչ բարեփոխվի, բայց դա մեզ չվերաբերի. այդպես չի լինում:
Մարդիկ չպետք է սպասեն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրենց երջանկացնի՞, թե՞ ոչ։ Յուրաքանչյուրն իր տեղում թող փորձի օրենքով ապրել։ Քչերն են պատրաստ դրան, բայց բոլորը պատրաստ են դատավորի դեր ստանձնել»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով խորհրդարանական ուժերի միջև վերջին օրերի սրված հարաբերություններին՝ Վիգեն Խաչատրյանը նման կարծիք հայտնեց. «Միշտ էլ խորհրդարաններում լարվածություն լինում է: Քաղաքական ուժերը տարբեր շահեր են սպասարկում, հո քաղաքակիրթ ընթրիք չէ՞: Վեճեր կլինեն, տոնը բարձր կլինի, կվիրավորեն, բայց պետք է հասկանան, որ կարևորը դա չէ, այլ կարևորը մարդկանց, հասարակության փոխվելու ցանկությունն է»:
Վիգեն Խաչատրյանը չի կարծում, որ խորհրդարանում «սրացումների» հետ պետք է կապել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները:
«Եթե որևէ քաղաքական ուժի ապագան կախված է մի անհատից, նա խոցելի է միշտ լինում: Խնդիրը ստուգողների մեջ չէ, այլ՝ ստուգվողների: Ըստ էության, Ծառուկյանն էլ ասում է՝ «ես այսքան ձայն ունեմ, ինձ այսքան ձայն տվեցին», այսինքն՝ նա համարում է, որ քվեներն անձամբ իրենն են, դա չի էլ թաքցնում»,- նկատեց Վիգեն Խաչատրյանը: