Անակնկալ ստուգումներ մանկապարտեզներում. հայտնաբերվել են խախտումներ, կլինեն հետեւանքներ (լուսանկարներ)

422

Անակնկալ շրջայց՝ համայնքային մանկապարտեզներում: Օրակարգի հիմնական խնդիրը սննդի վերահսկողությունն է: Ավագանու անդամները մանկապարտեզներում սննդի կազմակերպման հետ կապված իրենց մտահոգությունն էին հայտնել: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով ոլորտի պատասխանատուներն իրավիճակին ծանոթանում են հենց տեղերում: Մատակարարվող սննդի ստուգում, սանիտարահիգիենիկ պայմաններ, ջեռուցման անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովում: Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը 47, 48, 78 եւ 87 մանկապարտեզներում էր:

«Անակնկալ այցելությունները մենք պետք է աշխատանքային սկզբունք դարձնենք, որովհետեւ իրական պատկերի հետ առերեսվում ես այն ժամանակ, երբ այցելությունը լինում է անակնկալ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

Փոքրիկները սիրով են մանկապարտեզ հաճախում, գոհ են նաեւ ճաշացանկից: Ոլորտի պատասխանատուներն ավելի պահանջկոտ են: Նկատվող թերությունները մտահոգիչ են եւ պետք է վերացվեն:

«Խնդիրները դրվել են սեղանին եւ, այո, մենք պատրաստ ենք ընդունելու այդ խնդիրները եւ դրանց լուծման եղանակները գտնելու: Իսկ սննդի մատակարարման առնչությամբ կարող ենք խնդիրները հիմնովին լուծել այն ժամանակ, երբ արդեն կհայտարարեն նոր մրցույթներ եւ դրանք կլինեն շատ ավելի բաց, թափանցիկ ու վերահսկելի»,- ընդգծել է Երեւանի փոխքաղաքապետը:

Երեւանի հ. 78 մանկապարտեզում մուտքը թույլատրված է միայն բախիլներով: Սնունդը ստուգելու համար եւս կա հատուկ մոտեցում:

Տիգրան Վիրաբյանն ամփոփում է շրջայցի արդյունքներն ու նկատում՝ ամեն ինչ չէ, որ ֆինանսական միջոցների հետ է կապված, պարզապես պետք է կառավարման ճիշտ մոտեցում. «Չորս մանկապարտեզ այցելեցինք, որոնցից երեքում տեսանք ոչ նորմալ վիճակ: Կան մանկապարտեզներ, որոնց ոչ բարեկարգ վիճակն անմիջականորեն կապված է եւ՛ վարչական շրջանի, եւ՛ ֆինանսավորման խնդիրների ու գլոբալ հարցերի հետ, բայց այդ շարքում կան մանկապարտեզներ, որոնց խնդիրներն էականորեն կապված չեն ֆինանսի հետ: Սա ուղղակի ղեկավարման եւ ճիշտ մենեջմենթի բացթողումների արդյունք է»:

Տիգրան Վիրաբյանը վստահեցնում է, որ արձանագրվող թերացումներն ու պատասխանատուների լիազորությունների ոչ պատշաճ կատարումն անհետեւանք չեն մնալու: Դրան զուգահեռ խրախուսվելու են բոլոր պարտաճանաչ աշխատակիցները:

«Այս շրջայցից հետո կլինեն հետեւանքներ, կլինեն հանձնարարականներ եւ կլինեն մարդիկ, որոնք իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու կամ չկատարելու համար նաեւ կենթարկվեն որոշակի պատասխանատվության: Մենք պիտի կարողանանք նաեւ այդ ինստիտուտը վերականգնել, որպեսզի լինեն եւ՛ խրախուսումներ, եւ՛ պատժվողներ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

Համայնքային մանկապարտեզներում անակնկալ այցերը լինելու են շարունակական:

http://armtimes.com