ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի 2016 թ. չեմպիոն, 2017 թ. մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) հաղթեց Եվրոպայի 2018 թ. մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Լեհաստանում ընթացող մրցաշարում երկամարտում նա գրանցեց 369 կգ՝ 22 կգ-ով առաջ անցնելով 2-րդ տեղը զբաղեցրած մարզիկից: Պոկում վարժությունն ավարտեց 176, հրումը՝ 193 կգ-ով:
85 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրեց ռուս Ռոման Չեպիկը: Նա երկամարտում գրանցեց 347 կգ: Բրոնզե մեդալը բաժին հասավ Իգոր Կոնոտոպին (339 կգ):
Եվրոպայի մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների 2018 թ. առաջնությունը լեհական Զամոսց քաղաքում մեկնարկել է հոկտեմբերի 20-ին: Կավարտվի 27-ին: Ավելի վաղ ՀՀ հավաքականի կազմում մինչեւ 20 տարեկանների արծաթե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (77 կգ), մինչեւ 20 տարեկանների բրոնզե մեդալակիր էր դարձել Արմեն Գրիգորյանը (69 կգ): Իզաբելլա Յայլյանն (63 կգ) էլ բրոնզե մեդալ էր նվաճել մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: