Հայաստանը չպետք է առաջինը պատասխանի՝ պատրա՞ստ է փոխզիջումների. Փաշինյանը Արցախի խնդրի մասին

420

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին չէ, թե Հայաստանն առաջինը պետք է պատասխանի հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է Արցախի հարցում փոխզիջումների:

«Շատ հաճախ միջազգային հանրության ներկայացուցիչները տարբեր բանակցությունների ժամանակ ինձ հարցնում են՝ իսկ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: Այդ հարցին սովորաբար ես հետեւյալ պատասխանն եմ տալիս՝ իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է: Ես չեմ համարում, թե Հայաստանը պետք է առաջինը պատասխանի այս հարցին: Վարչապետի պաշտոնում իմ ընտրվելուց հետո չգիտես ինչու, չգիտես ով եւ որտեղ որոշել է, որ այդ հարցին առաջինը պետք է պատասխանի Հայաստանը: Հայաստանը չի պատրաստվում դա անել: Սա մի հարց է, որի պատասխանն առնվազն պետք է ձեւակերպվի սինխրոն: Եվ ես ասել եմ, որ մենք ցանկացած իրավիճակում պետք է լինենք համարժեք»,- Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 20-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հավելեց, որ դժվար է պատկերացնում հարցի կարգավորումը՝ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ հստակեցման: Նաեւ անդրադառնալով հիմնախնդրի շուրջ հնարավոր մութ գործարքներին՝ ընդգծեց՝ որեւէ իշխանություն չի կարող թաքուն լուծել Արցախի հարցը:

http://armtimes.com

Video`  Sputnik Армения