Գյումրիում գտնված նորածինների մայրը հրաժարվել է երեխաներից

741

Հոկտեմբերի 17-ին Գյումրու Ֆրիտյով Նանսենի անվան երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատության տարածքում հայտնաբերված երկվորյակ երեխաների մայրը նոտարական կարգով հրաժարվել է նորածիններից: Երեկ բնակության վայրում հայտնաբերվելուց հետո 18-ամյա Մ.Մ.-ն հարցաքննվել է Գյումրիում, ոստիկանության Մուշի բաժնում: Նորածիններից հրաժարված Մ.Մ.-ն Գյումրի էր բերվել մոր հետ, ում հետ եւ ապրում է: Կինը երեխաներից հրաժարվել է նրանց պահելու հնարավորություն չունենալու պատճառաբանությամբ: Մ.Մ.-ի հետ երկարատեւ  աշխատանք են տարել Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը, Գյումրու համայնքապետարանի Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Նելլի Սարգսյանը: Երկվորյակների մորն առաջարկվել է չհրաժարվել երեխաներից: «Ասեցինք, թող մնան հաստատությունում, որ կարողանաս նաեւ այցելել, տեսնել, հետո, երբ ի վիճակի կլինես, կգաս, կտանես: Բայց նա ավելի սթափ դատեց: Ասաց, ենթադրենք մնացին եւ դարձան 18 տարեկան, հետո՞ ինչ է լինելու նրանց հետ: Չեմ ուզում, որ իմ կյանքը կրկնեն: Ես երբեք նրանց պահելու, լավ կյանք ապահովելու հնարավորություն չեմ ունենա:Հիմա ուզում եմ, որ իրենց ընտանիքը գտնեն, երջանիկ ու խաղաղ ապրեն՝ առանց իմ մասին իմանալու»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Լիլիթ Գորգինյանը:

Երեխաները ծնվել են հոկտեմբերի 1-ին եւ ունեն անունները՝ Վահան եւ Վահե: Մայրը հետաքրքրվել, հետո է Գյումրու գիշերօթիկ բերել: Տարածքի ընտրությունը պատահական չի եղել:

Ըստ Լիլիթ Գորգինյանի, հիմա, երբ ծնողը հրաժարվել է երեխաներից, նրանք կհաշվառվեն որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ: Այդ գործընթացը կկազմակերպվի երկուշաբթի օրը: Դրանից հետո արդեն նորածիններն արդեն  պաշտոնապես կգտնվեն այն հաստատությունում, որտեղ հիմա են, կտրվի  համապատասխան եզրակացություն և ուղեգրով, ապա կհաշվառվեն որպես որդեգրման ենթակա երեխաներ։ Այս պահին երեխա որդեգրելու ցանկություն ունեցող ընտանիքների թիվը մեծ է,-տեղեկացրեց պատասխանատուն: Երկվորյակները որդեգրման կներկայացվեն միասին: Նրանք բուժզննում են անցել, բացարձակ առողջ են:

http://armtimes.com