Արմեն Աշոտյանը՝ ընտրություններին մասնակցելու եւ ՀՀԿ ցուցակի առաջին հնգյակի մասին

714

ՀՀԿ-ում դեռ վերջնական որոշում չկա՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են, թե՝ ոչ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Հասկանում եմ լրատվամիջոցների ու հասարակության ուշադրությունը ՀՀԿ մասնակցության եւ ՀՀԿ հնարավոր ցուցակի վերաբերյալ, սակայն մեզ շտապեցնել պետք չէ, որովհետեւ արտահերթ ընտրություններին մասնակցության մասին պաշտոնական որոշում դեռ չկա, որեւէ կուսակցություն իր ցուցակը չի հրապարակել եւ մեր երեկ արված հաղորդագրությունը Գործադիր մարմնի երեկվա նիստի մասին այս պահին սպառիչ է: ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում են, որոշ լրատվամիջոցներ գուցե թե իրենց անալիտիկան փորձում են ներկայացնել որպես ստույգ տեղեկատվություն, բայց այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Աշոտյանը:

Մամուլը հավանական թեկնածուների անուններ է շրջանառում, անգամ ցուցակում տեղերն են դասավորված: Մասնավորապես, ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, նրան հաջորդելու են ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

http://armtimes.com