Բակում, դռան հետեւում նորածին երեխաներին պոլիէթիլենային տոպրակի մեջ դրել ու փախել են…

341

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկում դեռ գիշերվա լարվածությունն ու հուզմունքը պահպանվում են: Բակում, դռան հետեւում պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածիններին գտնելը հոգեբանական ծանր իրավիճակի առաջ է կանգնեցրել հաստատության սաներից շատերին: Դեպքի պահին երեխաներից մեկն անգամ վատ ինքնազգացողություն ու խորն ապրումներ է ունեցել: Տարածք են հրավիրվել շտապբուժօգնության աշխատակիցները:

«Երեխաներին բակում մեր պահակն է գտել»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը: Ասում է՝ 5 րոպեի պատմություն է եղել, պահակը դրսից ներս է մտել եւ 19:30-ին նկատել է, որ բակի դռան մոտ ինչ-որ տոպրակ է հայտնվել, որն ընդամենը 5 րոպե առաջ այդտեղ չի եղել: Քամի չի եղել, բայց  պարկը տարօրինակ կերպով շարժվել է: Հենց դա էլ ավելի է հետաքրքրել պահակին: Մոտեցել, տեսել է՝ երեխաներ են:

Հետո անմիջապես զանգել է ինձ, մինչեւ իմ տեղ հասնելը ես ճանապարհից արդեն զանգել եմ ոստիկանություն, ՇՄ ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին, Գյումրու համայնքապետարանի որդեգրման հոգաբարձուների խորհրդի պատասխանատուին: Երեխաները դրված են եղել դռան հետեւում, այնպես, որ ոչ թե փողոցում, այլ բակում գտնվեն: Հագուստներով էին, իրենց հասակին համապատասխան, շապիկ, տոտիկ, նաեւ պամպերսով էին, խնամված էին, սոված չէին, որովհետեւ մինչեւ տեղափոխումը 1 ժամից ավելի տեւեց, անգամ լաց չէին լինում, նոր էին կերակրված»,- պատմեց տնօրեն Անահիտ Կարապետյանը:

Հիմա նորածինները Գյումրու «Երեխաների տան»-ն են: «Լողացել են, հանգիստ քնել: Գիշերն էլ են լավ քնել»,- ասաց «Երեխաների տան» տնօրեն Աննա Գեւորգյանը:

«Ընդունման պահին եւ հիմա էլ ոչ մի փաստաթուղթ չկար եւ երեխաներն ընդունվել են համապատասխան արձանագրությամբ: Հիմա մեր խնամքին են հանձնված: Ուզում եմ ասել, որ երեխաները բավարար վիճակում են եւ լավ խնամված երեխաներ են: Ինձ թվում է՝ 10-15 օրական երեխաներ կլինեն, մանկաբույժի կողմից զննում է կատարվել, դեռ չի կարելի վերջնական եզրակացություն ունենալ եւ ասել, որ բացարձակ առողջ են, քանի որ դեռեւս անհրաժեշտություն կա կատարել լաբորատոր գործիքային հետազոտություն, եւ դրա արդյունքներից ելնելով, արդեն կփաստվի երեխաների առողջական վիճակի հստակ նկարագիրը»:

Ոստիկանության «Մուշ»-ի բաժնում նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելու եւ երեխաների ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ:

«Երեխաների տան» տնօրենը նաեւ մեկ կարեւոր նկատառում ուներ: Ասաց՝ պետք է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր երեխաներից լուսանկարներ են հրապարակել:

Թե որտեղից են երեխաները հասել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ, դեռ հայտնի չէ: Շիրակի մարզում 3 մեծ ծննդատուն կա: Դրանցից մեկը գտնվում է Ախուրյանում: Այնտեղ հոկտեմբերին երկվորյակ տղաներ չեն ծնվել: Երկվորյակներ երկու օր առաջ  ծնվել են Գյումրու ծննդատանը: Այս պահին մայրն էլ, երեխաներն էլ տեղում են: Ավստրիական հիվանդանոցի ծննդատանը եւս երկվորյակներ այս ամիս չեն ծնվել: Միաժամանակ նշենք, որ որոշ մեծ համայնքներում եւս կան ծննդօգնության կազմակերպման կաբինետներ, որտեղ երեխաներ են լույս աշխարհ գալիս:

http://armtimes.com