ՌԴ նախագահի հետ ունենք լիարժեք փոխըմբռնում, բայց չի նշանակում բոլոր հարցերի շուրջ համաձայն ենք. վարչապետ

613

«ՌԴ նախագահի հետ մենք ունենք լիարժեք փոխըմբռնում, դա չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ համաձայն ենք և տարաձայնություններ չկան»։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան  ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի, հայ-ռուսականա հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, կա հրաշալի աշխատանքային մթնոլորտ ու ցանկացած հարց կարող են իրենք քննարկել միմյանց ներքին գործերին չմիջամտելու ու միմյանց ինքնիշխանությունը հարգելու մթնոլորտում:

«Այն, որ ես ամեն անգամ ՌԴ նախագահի հետ հանդիպելիս խոսում եմ մեր երկրի ինքնիշխանության մասին, պետք չէ դիտարկել որպես արտառոց մի բան:

Հենց մեր առաջին հանդիպումից հետո այս հիմքի վրա են կառուցվել մեր հարաբերությունները։ Անկեղծ ասեմ՝ այդ թեման առաջինը բացել է Վլադիմիր Պուտինը։ ԵԱՏՄ գագաթնաժողովն էր, երբ հանդիպումից հետո ճաշի սեղանի շուրջ նա ասաց՝ ես գիտեմ, որ այդպիսի տեսակետ կա, որ Ռուսաստանը բավարար հարգանքով չի վերաբերվում ԵԱՏՄ իր գործընկեր երկրների ինքնիշխանությանը։ Նա հավաստիացրեց, որ լիարժեք հարգանք ունի ու ընդհակառակը, ընդգծում է այդ սկզբունքի կարեւորությունը։ Ասաց՝ կաշխատենք, ժամանակի ընթացքում կհամոզվեք, որ դա միայն խոսքով չէ, այլ գործնականում է այդպես։

Հիմա կարող եմ ասել, որ ժամանակը ցույց է տվել այդ խոսքերի հավաստիությունը։ Ամեն անգամ, երբ Պուտինի հետ այս թեմայով խոսում եմ, ընդգծում եմ նաև սա որպես կարեւոր ձեռքբերում եւ հիմք մեր հարաբերությունների բնականոն զարգացման համար»,–նշեց վարչապետը՝ հավելելով, որ հայ-ռուսական հարաբերությունների հետհեղափոխական անցումային շրջանը կարելի է համարել ավարտված։

ՀՀ վարչապետն անդրադառնալով ԱՊՀ գագաթնաժողովին՝ ասաց, որ այնտեղ բավականին բաց ու թեժ քննարկումներ են ընթանում, ինչն իրեն զարմացրել է.

«Կան քննարկումների բաց եւ փակ տարբերակներ: Բաց ձեւաչափով հանդիպումները լուսաբանվում են, այնտեղ միջավայրը հանգիստ է, բոլորը խաղաղ ելույթներ են ունենում, հանգիստ խոսում այս կամ այն հարցի շուրջ, իսկ փակ ձեւաչափում այն, ինչ կատարվում էր, ինձ ուղղակի զարմացրեց, այնտեղ բավական թեժ եւ բուռն քննարկումներ են ընթանում»,-ասաց վարչապետը:

Նյու Յորքում եւ Դուշանբեում ունեցած հանդիպումների մասին:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 28 сентября 2018 г.

http://www.armtimes