Աննա Հակոբյան․ Խաղաղության ուղերձ հղելու համար նույնպես քաջություն է պետք.

635

Ղարաբաղյան հակամարտության տարիներին, հատկապես 2016 թվականի քառօրյա պատերազմում զոհված մոտ չորս տասնյակ զինծառայողների մայրեր այսօր հայտարարեցին, որ միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ աշխարհի բոլոր պատերազմող կողմերին ուղղված խաղաղության կոչին։

Վարչապետի նստավայրում հյուրընկալված որդեկորույս մայրերը հորդորեցին ադրբեջանցի մայրերին՝ միանալ հայ-ադրբեջանական հակամարտությունը դադարեցնելու իրենց կոչերին․

«Աշխարհի բոլոր մայրերը թող ոտքի կանգնեն, հատկապես կոչ ենք հղում Ադրբեջանի մայրերին, վերջերս համացանցում իրենք էլ էին կոչ ուղղում, որպեսզի պատերազմը դադարի: Մենք չենք ուզում պատերազմ, մենք չենք ուզում որդիներ կորցնենք»:

«Վերջապես խաղաղություն հաստատվի սահմանում, վերջապես տիրի խաղաղ բանակ, որպեսզի մայրը որդուն բանակ ճանապարհելիս երբեք չմտածի, որ կարոտով սպասելու է երկար: Թող մեր նոր Հայաստանում էլ մեզ նման որդեկորույս մայրեր չավելանան»:

«Ես պայքարելու եմ բոլոր այդ մայրերի համար, զավակներ, հայրեր, եղբայրներ կորցրած ընտանիքների իրավունքների համար: Ես պայքարելու եմ, որպեսզի այլևս զավակ չկորցնենք»:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ելույթում նշեց՝ իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավն ավելի վստահորեն կտանի՝ ունենալով հատկապես քառօրյա պատերազմի վիշտը կրող մայրերի աջակցությունը։ Շեշտեց, որ Հայաստանում Ադրբեջանին ուղղված խաղաղության կոչերը միանշանակ չեն ընկալվում, և ինքն էլ այս նախաձեռնությունն սկսելուց հետո քննադատության է արժանացել։

«Շատ-շատ կարևոր է նաև ձեր ուղերձը, ձեր խոսքը՝ ուղղված ադրբեջանցի մայրերին, որովհետև դա նույնպես այնքան միանշանակ չի ընդունվում մեր հասարակության կողմից, որովհետև այդ ուղերձը անելու համար նույնպես քաջություն է պետք, և փաստորեն դուք նույնպես ունեք այդ քաջությունը: Ինչը միանշանակ չի ընդունվում, ինձ այդ ելույթից հետո նույնպես մեղադրանքներ եղան, որ չի կարելի նույնացնել, և այլ, և այլն: Բայց ես ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք մայրությունը ճանաչում է ազգություն, քաղաքացիություն, կրոն», — հայտարարեց Հակոբյանը:

Չխուսափելով հնարավոր հերթական քննադատություններից, վարչապետի տիկինը իր հերթին կոչ ուղղեց ադրբեջանցի կանանց՝ միանալու իրենց խաղաղության արշավին։

«Ես հույս ունեմ, որ ձեր ձայնը և մեր ձայնը կհասնի նաև ադրբեջանցի մայրերին, և նրանք նույնպես կխոսեն ընդդեմ պատերազմի և հանուն խաղաղության: Եվ եթե դա տեղի ունենա, մեր շարքերը համալրվեն, մի օր անպայման մեր խոսքը կհասնի նաև կրակի հրաման տվող և պատերազմ սկսել-չսկսելու մասին որոշում կայացնող տղամարդկանց», — ասաց Աննա Հակոբյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մինչ այստեղ խաղաղության քարոզ է արվում՝ Հայաստանի սահմանային Չինարի գյուղի մանկապարտեզն այս գիշեր գնդակոծվել է, վարչապետի տիկինը պատասխանեց․ — «Մենք Հայաստանից խաղաղություն քարոզում ենք որպես կին և որպես մայր և ոչ թե որպես պետություն»։ Շեշտեց, որ իրենց խաղաղության կոչերին զուգահեռ՝ Հայաստանը զորավարժություններ է իրականացնում:

«Եվ կյանքը ցույց կտա՝ ով հաղթած դուրս կգա: Կա՛մ մենք կհաղթենք և կստիպենք, որպեսզի զենքերը վայր դնեն և բանակցությունների սեղանի շուրջ մարդավարի նստեն և հասկանան իրար և փորձեն լուծում տալ այս հարցին, կա՛մ մենք կպարտվենք և իրենք նորից կշարունակեն սահմանում իրար վրա կրակել՝ տղամարդիկ նկատի ունեմ», — ասաց Հակոբյանը՝ շարունակելով․ — «Ես ուզում եմ բացառել մեր պարտվելու տարբերակը և ուզում եմ վստահություն հայտնել, որ մենք անպայման մի օր կհաղթենք»:

Քառօրյա պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանն իր որդու անունով հիմնել է հիմնադրամ։ Վարչապետի տիկինը կոչով դիմեց նախկին ու ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև օլիգարխների կանանց, ովքեր ունեն թանկարժեք զարդեր և ունեցվածք․ — «Կարծում եմ՝ կգտնվեն այդպիսի կանայք, ովքեր կմտածեն և կհանգեն այն եզրակացությանը, որ այն ունեցվածքը, որ իրենք ձեռք են բերել իրենց ամուսինների պաշտոնավարման հանգամանքներում, այնքան էլ արդար քրտինքով վաստակած ունեցվածք չէ, և կհամարեն, որ նվիրաբերելով դրանց մի մասը՝ չեմ կարող ասել ամբողջը, թեկուզ մի մասը, տիկին Համեստի ֆոնդին, կարող են նաև դրանից հետո մի փոքր ավելի հանգիստ գլուխը դնել բարձին»:

Լրատվական աղբյուր, Տեսանյութ` www.azatutyun.am