Որեւէ խոչընդոտ չի կարող լինել մեր գործում, մարդասպանները կանգնելու են դատարանի առջեւ. Ա. Վանեցյան (Տեսանյութ)

629

Համացանցում հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ խոսում ենք ես եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Ուզում եմ հաստատել, որ այդ խոսակցությունը իրականում մեր մասնակցությամբ է: Շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է հանրապետության ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցությունը: Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն եւ կպարզվի ձայնագրման աղբյուրը: Եթե չեմ սխալվում՝ Գլխավոր դատախազությունում արդեն իսկ հարուցված է քրեական գործ այդ փաստով: Առաջիկայում կիմանանք բոլոր մանրամասները: Այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ իր եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ այսօր հրապարակված հեռախոսազրույցի ձայնագրության վերաբերյալ, որտեղ վերջիններս քննարկում են Մարտի 1-ի գործը: Ասուլիսին ներկա է նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հեռախոսազանգն իսկապես եղել է.

«Խոսակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի դատարանի հայտնի որոշումը կայացնելու օրը: Խոսակցությունը լսել եք, գիտեք՝ ինչի մասին է, չեմ մանրանա: Ուղղակի ուզում եմ ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջեւ կանգնած էին Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովը, պետք էր 100 տոկոս համոզված լինել, որ այդ գործում որեւէ թերացում եւ թերություն չկա: Նման քննարկում իմ եւ պարոն Խաչատրյանի միջեւ կայացել է: Եւ եղել է զուտ իրավաբանական քննարկում»,- ասաց Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հեռախոսազրույցի նախապատմությանը.

«Նախ նախապատմությունն ասեմ. ստացել եմ մի հաղորդագրություն, փորձագիտական կարծիք, որտեղ եղել է հիմքերի հետ կապված որոշակի պարզաբանման խնդիր: Հաղորդագրությունն ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, եւ նա, որպես իրավաբան, կտա է բացատրություններ այդ հարցի շուրջ: Իրավական մասով պարոն Խաչատրյանն ավելի մանրակրկիտ կներկայացնի: Ես ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ այն, ինչ մենք անում ենք, այն պայքարը, որը սկսել ենք, դա շարունակելու ենք եւ մեզ չի խանգարելու ոչ մի բան: Որեւէ խոչընդոտ չի կարող լինել մեր գործում: Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են հետ, մարդասպանները կանգնելու են դատարանի առջեւ, եւ այդ պրոցեսն անկասելի է»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ասուլիսը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ասուլիսը

Опубликовано Ազատություն ռադիոկայան Вторник, 11 сентября 2018 г.

Լրատվական աղբյուր` http://armtimes.com