Դատավոր Մկրտումյանի տան վրա հարձակում գործած անձանցից մեկը վնասազերծվել է. ՀՀ ՔԿ

935

armtimes.com,- Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։

3 հոգի՝ զինված ինքնաձիգերով, Ձորաղբյուրում հարձակվել են դատական համակարգի հայտնի դեմք, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա։

Կան մի քանի վիրավորներ, այդ թվում՝ Ա. Մկրտումյանը։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը ներկայացրել է մանրամասներ՝ երեկվա դեպքից: Ըստ այդմ, 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված եւ ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը եւ նրա ընտանիքի անդամները։ Անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Ա. Մկրտումյանը եւ նրա որդին դուրս են եկել բակ։

Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է եւ ձերբակալվել։

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման եւ զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ։

Աղբյուր` armtimes.com