
Վարժանքին հետևում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, մարզային և համայնքային իշխանությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Ուսումնավարժության նպատակն էր բարձրացնել հրշեջ-փրկարարական ջոկատների գիտելիքները անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամանակ, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունը պատասխանատու այլ կառույցների հետ։

Ուսումնավարժությանը ներգրավված էին մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերը, «Լոռէ փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպության, Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի անդամները, ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչները, «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներ և կամավորներ։

Ուսումնավարժության սցենարի համաձայն՝ Ստեփանավանի կիրճ կոչվող տարածքի մի քանի հատվածներում հրդեհ էր բռնկվել, կային նաև պայմանական տուժածներ: Համապատասխան ծառայությունների և կամավորական խմբերի մասնակցությամբ դժվարամատչելի տարածքների հրդեհները մարվեցին, ծխահարված և այրվածքներ ստացած տուժածներին ցուցաբերվեց անհրաժեշտ բուժօգնություն։


Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին փրկարար ծառայության մեքենաները և նախարարության ուղղաթիռը։

Ուսումնավարժության ընթացքում մասնակից ստորաբաժանումների կողմից բոլոր առաջադրանքները կատարվեցին պատշաճ կերպով։