Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ այսօր անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Ներկայացվեցին մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, առաջիկա ծրագրերը։


Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2023 թվականի առաջին եռամսյակի կատարողականներին: Ա. Խաչատրյանը հանձնարարեց հետևողական լինել թերացող համայնքների նկատմամբ:
Քննարկվեցին նաև Լոռու մարզի համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և 2023-ին նախատեսված ծրագրերը: 



Մարզպետին ներկայացվեց, որ ՏԿԵ նախարարություն է ուղարկվել 50 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 7 միլիարդ 770 միլիոն դրամ նախնական արժեքով: Հաստատվել է 31-ը, մնացած 19-ը դեռևս ընթացի մեջ են:



Զեկուցվեց նաև, որ ավարտվել է հերթական ատեստավորման համար վերապատրաստման ենթակա ուսուցիչների հայտագրումը, սկսվել են բուհ ընդունվել ցանկացնող տասներկուերորդ դասարանի աշակերտների հայտագրման և մեդալակիր շրջանավարտների հայտերի ընդունման գործընթացները (արդեն ընդունվել է 9 հայտ): 



Նշվեց, որ դպրոցներին գրություն է ուղարկվել էքսկուրսիաները կազմակերպել բացառապես լիցենզավորված տրանսպորտային միջոց ունեցող կազմակերպությունների հետ:


Առողջապահության ոլորտում շարունակվում է պատվաստումների իրականացման գործընթացը, այդ թվում կարմրուկի և կորոնավիրուսային հիվանդությունների դեմ պատվաստումները: Մարզում կարմրուկի դեպքեր չեն գրանցվել:


Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ բնույթի այլ հարցեր, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին նոր հանձնարարականներ: