Այսօր ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները: Միջոցառումը մեկնարկեց հանդիսավորությամբ: Ժամկետային զինծառայության մեկնող տղաներին ճանապարհելու էր գնացել մարզպետ Արամ Խաչատրյանը:
Ներկա էին նաև Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, նորակոչիկների հարազատները, ընկերները։

Մարզպետը տղաներին մաղթեց անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ հայրենի օջախներ:
— Վստա՛հ եմ՝ մեր բանակի շարքերը համալրելու եք մեկ կարևոր գիտակցումով՝ հայրենասիրությամբ ու հայ տղամարդուն վայել արժանապատվությամբ:
Ծառայության ընթացքում զգոն ու աչալուրջ եղե՛ք, պահե՛ք անվտանգության կանոնները և, որ ամենակարևորն է, դժվարությունները հաղթահարեք միասի՛ն՝ ուս ուսի տված,-ասաց նա։

Նորակոչիկներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ավագ քահանա տեր Վահան Ազարյանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի համար և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների:


Վանաձոր և Փամբակ համայնքների ղեկավարների կողմից նորակոչիկներին հանձնվեցին հիգիենիկ պարագաների փաթեթներ:
