Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ այսօր Լոռու մարզպետարանում հյուրընկալվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության մարզային տարածքային կենտրոնների մի խումբ աշխատակիցներ։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ջերմորեն շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ բարձր է գնահատել սոցիալական ծառայության ոլորտի աշխատակիցների բարդ և պատասխանատու աշխատանքը և շնորհակալություն հայտնել անձնվեր աշխատանքի համար։

— Ձեր աշխատանքը պահանջում է նվիրում, սրտացավություն և բարձր պատասխանատվություն։ Դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների համար դուք յուրովի հույսի փարոս եք դառնում՝ վստահություն արթնացնելով սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ: Շատ կարևոր է, որ Ձեր արհեստավարժությամբ դուք պահպանեք Ձեր մարդասիրությունն ու գթասրտությունը, որի կարիքն այնքան շատ ունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդը, — մասնավորապես ասաց Ա. Խաչատրյանը:

Սոցիալական աշխատողի օրվա առթիվ, սոցիալական ոլորտում բարեխիղճ աշխատանքի, ինչպես նաև բնագավառում ներդրած ջանադիր ու շնորհակալ աշխատանքի համար Լոռու մարզի սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների 24 աշխատակիցներ Լոռու մարզպետի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով:

Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներին շնորհավորեցին նաև Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը և սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը՝ նրանց մաղթելով աշխատանքային հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ: