«The Gurus» ընկերության Վանաձորում գործող մասնաճյուղն իր գրասենյակի բացման մեկամյակի կապակցությամբ ինքն էր տոնական նվեր մատուցել՝ Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ վեցական համակարգիչներ նվիրաբերելով Լոռու մարզի Լորուտ և Եղեգնուտ համայնքների դպրոցներին։

Դպրոցների տնօրինություններն իրենց հերթին առանձնացրել էին վերանորոգված և կահավորված դասասենյակներ, որպեսզի նոր համակարգիչներով համալրված դասասենյակները ծառայեն երեխաներին՝ պատշաճ դասապրոցես կազմակերպելու համար:

Համակարգչային դասասենյակների բացման արարողություններին մասնակցում էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Տեղեկատվության և հասարակայության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը, The Gurus կազմակերպության հիմնադիր Վահե Մարտիրոսյանը, տնօրեն Լիլիթ Թորոսյանը, կազմակերպության երևանյան և վանաձորյան գրասենյակների ներկայացուցիչներ:


Մարզպետարանի պաշտոնյաները շնորհակալություն հայտնեցին The Gurus կազմակերպության ներկայացուցիչներին Լորուտի և Եղեգնուտի դպրոցները նոր համակարգիչներով համալրելու համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կշարունակվի: Լորուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Սարգսյանը և Եղեգնուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Արփիկ Քարհանյանը նույնպես երախտագիտության խոսք ասացին կոլեկտիվների և աշակերտների կողմից՝ նաև շնորհավորելով կազմակերպութան գրասենյակի մեկամյակի կապակցությամբ:



The Gurus-ի ներկայացուցիչները նաև քաղցրավենիքներ և հյուրասիրություն էին բերել դպրոցների աշակերտների համար՝ ընդգծելով, որ վանաձորյան գրասենյակի մեկամյակը կարողացան նշել շատ հաճելի միջավայրում:

