Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը շարունակում է այցեր կատարել մարզի բժշկական կենտրոններ: Ոլորտի պաշտոնյաների հետ վարչության պետը այցելել է Տաշիրի և Ստեփանավանի բժշկական կենտրոններ։ Տնօրենների և բուժանձնակազմի ուղեկցությամբ եղել է կենտրոնների աշխատասենյակներում և հիվանդասենյակներում՝ զրուցելով բուժանձնակազմի և տեղում ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների հետ:

Նա բուժհիմնարկների ղեկավարներին հորդորել է ավելի հետևողական լինել քաղաքացիների պահանջների նկատմամբ, բարձրացնել բուժսպասարկման որակը, բարեխիղճ ու պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ:
-Մեր քաղաքացիներին պետք է տրամադրենք բարձրորակ բուժսպասարկում։ Շատ կարևոր է, որ հիվանդները տեղում բուժվելու հնարավորություն ունենան ու նման հարցերով հնարավորինս քիչ դիմեն մարզի այլ համայնքների և մայրաքաղաքի բուժհաստատություններ,- բուժանձնակամի հետ զրույցում նշել է Ռ․ Պողոսյանը:

Տաշիրը և հարակից համայնքները սպասարկող բուժհաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Անախասյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, առկա խնդիրներն ու հեռանկարները։ Նա տեղեկացրել է, որ հաստատության հիմնական խնդիրները շենքային պայմաններն են, բժիշկ-մասնագետների սակավությունը, ունեն նաև որոշ բուժսարքավորումների կարիք։ Կենտրոնը վերջերս ձեռք է բերել արյան կլինիկական և արյան բիոքիմիական հետազոտության սարքեր։ Բժշկական անձնակազմը անում է ամեն հնարավորը քաղաքացիներին պատշաճ սպասարկելու համար:

Ռուզաննա Պողոսյանը հայտնել է, որ Կառավարության որոշմամբ Տաշիրի ԲԿ–ի համար կառուցվելու է նոր շենք՝ 30 մահճակալային ֆոնդով և բուժսարքավորումներով հագեցվածությամբ։

Մարզպետարանի պաշտոնյաներն այցելել են նաև Ստեփանավանի ԲԿ, որը ևս վերջերս հագեցվել է նոր սարքավորումներով, մասնավորապես՝ արյան ընդհանուր կլինիկական հետազոտության, նոր թվային ռենտգեն և լապարասկոպիկ սարքավորումներով, գործիքների չորացման պահարանով։ Տնօրեն Անուշ Իսպիրյանը ներկայացրել է սարքավորումների հնարավորությունները։ Ստեփանավանի ԲԿ-ում ևս նեղ մասնագետների կարիք կա:
Ռուզաննա Պողոսյանը եղել է նաև բժշկական կենտրոնի ախտաբանաանատոմիական բաժանմունքում, որը վերջերս է վերանորոգվել հաստատության ֆինանսական միջոցների հաշվին, այժմ այն համապատասխանում է սահմանված նորմերին։