Լոռու մարզում պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերը հաջող ընթացք ունեն:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ շարունակվում են պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքները։ Հընթացս ամփոփվում են նաև արդյունքները։

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչներն այս անգամ հանդիպել են #Վահագնի բնակավայրում պետության աջակցությամբ հատապտուղների մշակմամբ զբաղվող գյուղատնտեսների հետ։
Այցի ընթացքում նրանք եղել են #Փամբակ խոշորացված համայնքի Վահագնի բնակավայրում, որտեղ գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հիմնվել են ազնվամորու տնկարաններ:

Վարչության պետ Արուս Թումանյանը և գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը բնակիչների հետ զրուցել են պետական աջակցությամբ 2021֊2023 թ.թ. իրականացվող ծրագրերի արդյունավետության, կարևորության մասին, անդրադարձել նաև ոլորտային խնդիրներին։

Վահագնի բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանը #գյուղատնտեսական աջակցության ծրագրերի շահառուներից է: Նա 3 միլիոն դրամ վարկ է վերցրել՝ 0 տոկոս տոկոսադրույքով, այս միջոցներից նախ՝ 460 մետր խողովակ է գնել, ջրավազան և ոռոգման ցանց կառուցել, ապա՝ ազնվամորու «պոլկա» տեսակի 8 տնկի է բերել Ռուսաստանից:

2 տարվա ընթացքում 8 տնկիներից 800 հազարանոց տնկարան է ստացել: Բիզնեսն ընտանեկան է, ընտանիքով մշակում են, ընտանիքով կազմակերպում հավաքչությունն ու իրացումը: Բերքատվությունը շատ բարձր է, պտուղը՝ խոշոր, համային և որակական հատկանիշները՝ ևս, ցրտադիմացկուն են, տարվա ընթացքում 2 անգամ բերք են հավաքում և այն մեծ պահանջարկ ունի:
— Մեր վերցրած վարկն ամբողջությամբ ծառայել է նպատակին, մի քանի ամսվա մեջ ամեն ինչ արագ կազմակերպեցինք, և այգին կարճ ժամանակամիջոցում սկսեց փակել վարկը: Ազնվամորու մշակությունը շատ եկամտաբեր է: Այս պետական ծրագիրը բավականին մեծ աջակցություն է գյուղացուն,- ասում է Ս. Վարդումյանը:

Որպես վարչական ղեկավար՝ նա տեղեկացրեց նաև, որ ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել Վահագնիում: Մոտ 30 տարի գյուղի չմշակված վարելահողերում գյուղացիները վերջին տարիներին սկսել են ցորեն, կարտոֆիլ ցանել: Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ բնավայրում մշակվող հողտարածքներն ավելացել են 71 հա֊ով։

Գյուղացիական աջակցության ծրագրերից օգտվել է նաև Վահագնիի բնակիչ Արկադի Քոչինյանը: Սուբսիդավորվող վարկատեսակով, 5 տոկոս տոկոսադրույքով, 3 միլիոն դրամ վարկ է վերցրել, 8000 քառ մ տարածքում ազնվամորու տնկարան է հիմնել: Գնել է ազնվամորու 10.000 թուփ, կաթիլային ոռոգման համակարգ կառուցել, իսկ այս տարի Ավստրիայի զարգացման գործակալության դրամաշնորհային ծրագրի միջոցով հակակարտային ցանց է տեղադրել:

Նրա խոսքերով՝ այգեգործության ոլորտում հնարավոր է հաջողության հասնել, երբ պետությունը օգնում է, իսկ գյուղատնտեսն իր աշխատանքը ճիշտ է կազմակերպում:
Վահագնիի գյուղատնտեսները մարզպետարանի ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում, շնորհակալություն հայտնեցին կառավարությանը կարևոր ծրագրեր ներդնելու համար:
Ա. Թումանյանը և Ա. Շահվերդյանը Վահագնիի գյուղատնտեսներին հիշեցրեցին, որ մինչև 2023 թվականը հատապտղանոցների հիմնման համար պետությունը 2 տարբեր ծրագրեր է առաջարկում։

Վարկերը տնտեսվարողներին հասանելի են 2 տոկոս փաստացի տոկոսադրույքով, մինչև 8 տարի ժամկետով, այգեհիմնման դեպքում կտրամադրվի արտոնյալ ժամկետ՝ մինչև 5 տարի: 2-րդ բաղադրիչով պետությունը հատուցում է ծախսերի կեսը՝ վերադարձնելով տնտեսվարողի այգեհիմնման ծախսի 50 տոկոսը: Վարչության պատասխանատուները Վահագնիի գյուղատնտեսներին հիշեցրեցին, որ ծրագիրը գործելու է մինչև 2023 թվականը և կոչ արեցին օգտվել ընձեռված հնարավորությունից:

