#Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի այցերը մարզի համայնքներ, սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով, շարունակվում են։


Հովհաննես Ավետիսյանը մարզպետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների հետ հերթական այցով Սարչապետ և Մեծավան համայնքներում էր։ Այցի շրջանակներում փոխմարզպետը հանդիպում ունեցավ բնակիչների հետ, հետևեց Սարչապետ համայնքի Պրիվոլնոյե, Նորաշեն և Սարչապետ բնակավայրերում, Մեծավան համայնքի Մեծավան բնակավայրում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի աշխատանքներին։
2022թ. համար նախատեսված աշխատանքների մի մասն այստեղ արդեն մեկնարկել են։


#Նորաշեն բնակավայրում ներբնակավայրային 5 ճանապարհ է տուֆով սալարկվում։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 65 մլն դրամ է։



Սուբվենցիոն միջոցներով բարեկարգվում են նաև Պրիվոլնոյե բնակավայրի մանկապարտեզի և Սարչապետ բնակավայրի հանդիսությունների սրահի տարածքները (ծրագրի ընդհանուր արժեքը` 27 մլն դրամ)։



#Մեծավան համայնքի Մեծավան բնակավայրում տուֆ քարով սալարկվում են ներհամայնքային ճանապարհները (արժեքը՝ մոտ 50 մլն դրամ), բարեկարգվում, կանաչապատվում է զբոսայգին, մանկական խաղահրապարակը (մոտ 15 մլն դրամ)։ Բնակավայրի մարզադահլիճի համար ձեռք կբերվի նաև գույք` 9 մլն դրամ արժեքով, ինչպես նաև կպարսպապատվի և կսալարկվի մարզադահլիճի բակի տարածք(ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 14 մլն դրամ է)։



Ծանոթանալով կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին՝ փոխմարզպետը կատարեց դիտարկումներ որակի և ժամկետների վերաբերյալ։ Նա շինպատասխանատուներին հորդորեց, պահպանելով իրականացվող աշխատանքների որակը, դրանք ավարտին հասցնել սահմանված ժամկետներում: